Սննդամթերքի Անվտանգության Կարողությունների Զարգացման Ծրագիր - IDF դրամաշնորհ

Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) իրականացվում է Համաշխարհային Բանկի Ինստիտուցիոնալ Զարգացման Հիմնադրամի (IDF) Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվող «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագիրը:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը հանդիսանում է դրամաշնորհ ստացողը:

Սույն ծրագիրն ուղղված է սննդամթերքի անվտանգության ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Այն նպատակ ունի աջակցելու սննդամթերքի անվտանգության ապահովման կարգավորումների ժամանակակից համակարգի ստեղծմանը` հիմնվելով միջազգային չափանիշների և որոշումների կայացման լավագույն փորձի վրա: Աջակցությունը լինելու է շարունակական, որը նաև խթան կհանդիսանա սննդամթերքի անվտանգության ոլորտում հետագա բարեփոխումների իրականացման համար, որոնք սկիզբ են առել հետևյալ միջոցառումներից. (ա) սննդամթերքի անվտանգության համակարգերի ռազմավարության և միջոցառումների պլանի մշակում, (բ) 2010 թ-ի դեկտեմբերին սննդամթերքի, անասնաբուժության և ֆիտո-սանիտարական ոլորտներն ընդգրկող Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության ստեղծում, որի գործունեությունն ուղղված է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և ֆիտո-սանիտարական ոլորտներում իրականացվող միջոցառումների համակարգմանը, (գ) 2010 թվականի հունիսին Հայաստանի անդամակցումը սննդամթերքի և անասնակերի ԵՄ արագ արձագանքման համակարգին, (դ) 2010 թվականի հունվարին Հայաստանի շահագրգռվածությունը ԵՄ արտահանվող ապրանքների ծավալների ընդլայնման (այդ թվում նաև ձկնամթերք), ինչպես նաև ակվակուլտուրայի հիվանդությունների հսկողության համակարգի ստեղծման հարցերում:    

Ծրագրի հիմնական ուղղություններն են. (ա) իրավական դաշտի բարելավում` ուղղված միջազգային և ԵՄ սննդամթերքի անվտանգության պահանջներին համապատասխանեցմանը, (բ) անհրաժեշտ ուսուցումների և մեթոդաբանության մշակում պետական կառույցի աշխատակիցների համար, (գ) ռիսկերի և տնտեսական վերլուծության կարողությունների զարգացում` որոշում կայացնողների կողմից ազգային և միջազգային մակարդակով սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող քաղաքականության և տեխնիկական որոշումները ԵՄ Ազատ Առևտրի Համաձայնագրին օժանդակող ԱՀԿ/ՍՖՍ (Սանիտարական և Ֆիտոսանիտարական) (WTO/SPS)  սկզբունքների համաձայն հիմնավորելու նպատակով: