Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
01.03.2017

Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում. նախարարը այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին  աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ:

Նախարարը մեկնել է Ծովագյուղ համայնք, որտեղ եղել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված հնդկացորենի վերամշակման գործարանում: 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են  հնդկացորենի մշակությամբ, և հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում: Նախարարի խոսքով` սա բավական հետաքրքիր ծրագիր է, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը ծրագրի շարունակականությունն ապահովելու և ընդլայնելու նպատակով  կքննարկի  հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի և սերմացուի սուբսիդավորման հարցը: Պատասխանատուները հավաստիացրել են` արդեն ապրիլի վերջին կունենան փաթեթավորված վերջնական արտադրանք, և հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել  Գեղարքունիքում արտադրված հայկական հնդկաձավարը:

Մարզպետ  Ռաֆիկ Գրիգորյանը հավելել է, որ կառավարության աջակցության պարագայում հնդկացորենի արտադրությունը մարզում զարգացման մեծ հեռանկարներ կարող է ունենալ և ցանքատարածությունները կհասնեն մինչև 1000 հեկտարի:

Այնուհետև նախարարն ուղևորվել է մարզկենտրոն Գավառ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:  Օրակարգում մարզից ներկայացված ներդրումային ծրագրերն էին, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության» ծրագրին, ինչպես նաև պետության կողմից սուբսիդավորված սերմացուների և պարարտանյութերի պարտքերի վերադարձին առնչվող և այլ հարցեր:

Գեղարքունիքի մարզից  կառավարության քննարկմանը  ներկայացված  ծրագրերից 7-ը հավանության է  արժանացել, որից 3-ի պարագայում նաև հստակեցվել են ֆինանսավորման աղբյուրները, ընդ որում Ակունքի պանրի գործարանի գործարկման  առաջարկությունը համարվել է տարածաշրջանի զարգացման համար լոկոմոտիվային: Այն կյանքի կոչելու դեպքում մարզում կստեղծվի 25-30 աշխատատեղ, կլուծվի ամռան ամիսներին կաթի մթերման խնդիրը: Մարզից ներկայացված մյուս ծրագրերը վերաբերում են կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության հզորությունների ընդլայնմանը, շինշիլաբուծական տոհմային տնտեսության, ոչխարաբուծության զարգացմանը, կտավատի ձեթի արտադրությանը, հնդկացորենի արտադրության և հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացմանը: Նախարարը շահառուների հետ քննարկել է ծրագրերի իրատեսականությունը, ֆինանսավորման աղբյուրների ներգրավման հնարավորությունները և այլ հարցեր:

Անդրադառնալով պետական օժանդակության ծրագրերին` Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ այս տարի նույնպես կշարունակվեն պարարտանյութերի և գարնանացան սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, կպահպանվեն գներն և կբավարարվի մարզի կողմից ներկայացված ամբողջ պահանջարկը, դիզելային վառելանյութի սուբսիդավորումն այս պահին համարվել է աննպատակահարմար: Միաժամանակ նախարարն ուշադրություն է հրավիրել նախկին տարիներին կուտակված պարտքերի վերադարձի խնդրին` ընդգծելով, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է ակտիվացնել:

ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը զեկուցել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության» ծրագրի առաջին և երկրորդ փուլերում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ` Գեղարքունիքի մարզի 42 համայնքում ստեղծվել են արոտագործողների սպառողական կոոպերատիվներ, կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր (86,75 կմ ջրագիծ, 69 խմոց), տրամադրվել է 473 միավոր գյուղտեխնիկա, ինչպես նաև տարբեր համայնքներում  դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել: 2017 թվականի ընթացքում նախատեսվում է մարզի 6 համայնքում ավարտել արոտավայրերի ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքները (ընդամենը` շուրջ 39 կմ ջրագիծ, 12 խմոց), տրամադրել շուրջ 74 մլն դրամի գյուղտեխնիկա և 8 000-50 000 ԱՄՆ դոլարի չափով նպատակային ֆինանսական օժանդակություն կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին:

Նյութի աղբյուրը` ՀՀ ԳՆ պաշտոնական կայք