Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 43 to 56 out of 71
11.08.2017

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը նոր ծրագրեր կիրականացնի ոլորտի բարելավման ուղղությամբ

Այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները:

 Ներկայացնելով նորաստեղծ Հիմնադրամի նպատակներն ու առաջիկա անելիքները` Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ այն ստեղծվել է որպես կենտրոն, որտեղից պետության և մասնավոր հատվածի միասնական քաղաքականության ներքո կիրականացվի ագրարային ոլորտի առավել արդյունավետ կառավարում:

 «Հիմնադրամի տեսլականը նոր տեխնոլոգիաներով, գիտական հենքի վրա մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ունենալն է, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը» – նշել է նա:

 Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում բարեհաջող ընթացող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրին` Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ եթե ծրագրի առաջին փուլում առանցքային խնդիրը եղել է կոոպերատիվներին անասնապահությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ապա երկրորդ փուլում նախատեսվում է արդեն ստեղծված կոոպերատիվներին հնարավորություն ընձեռել բիզնես կարողությունների զարգացման համար: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 119 կոոպերատիվ, որոնց մի մասն արդեն լուրջ արդյունքներ է գրանցել:

 Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով մշակված նոր նախաձեռնությունների թվում Գեղամ Գևորգյանը մատնանշել է ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության ավելի բարձրորակ օրգանական պարարտանյութով փոխարինելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է հիմնել օրգանական պարարտանյութի արտադրություն առնվազն 20 հազար հեկտարի համար:

 Բացի այդ, գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ կստեղծվի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսական տեխնիկայի կայան (ԳՏԿ), ինչը թույլ կտա փոքր և միջին ֆերմերներին իրենց հողը մշակել առավել արդյունավետ և բարձրացնել բերքատվությունը:

 Նախատեսվում է իրականացնել նաև կերարտադրության զարգացմանն ուղղված ծրագիր, որը խթան կհանդիսանա անասնապահության ոլորտի հետագա առաջընթացի համար:

 Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով` նորարարական մոտեցումներ են նախատեսվում նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում:

 Խորհրդատվությունն իրականացվելու է 3 մեթոդով` խմբային, ծրագրային և անհատական: Խորհրդատավական ծառայությունները մատուցվելու են ագրարային ոլորտի տարբեր ուղղություններով` ներառյալ դաշտավարության, այգեգործության, անասնապահության, գյուղատնտեսական տեխնիկայի կիրառում և այլն: Խորհրդատվական համակարգի ձևավորման նպատակով հայտարարվելու է մրցույթ, որին դիմելու հնարավորություն կունենան ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր անձինք:

 Հիմնադրամի գործադիր տնօրենը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում հանրապետությունում իրականացվելու է աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը, որի արդյունքում կունենանք հողերի առկա հողատեսքերի, դրանց ֆիզիոլոգիական վիճակի, տեղի ունեցող աշխարհագրական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև կլիմայի ազդեցության և գյուղատնտեսական նշանակության մոնիտորինգային տվյալներ:

Նյութի աղբյուրը` ՀՀ ԳՆ պաշտոնական կայք