16.05.2016

Այցելություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան և Դդմաշեն համայնքներ

Ս.թ. մայիսի 13-ին Համաշխարհային բանկի փորձագետներ Թուրի Ֆիլեչան, Սթիվ Գոսը, «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կարեն Թորոսյանը և արոտավայրերի գծով խորհրդատու Գագիկ Թովմասյանն այցելեցին ՀՀ Գեղարքունիքի  մարզի Գեղամավան և Դդմաշեն համայնքներ:

Այցի նպատակն էր ծանոթանալ ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ իրականացրած դեգրադացված արոտների վերականգնողական աշխատանքների արդյունքներին: Նշված տարածքներում իրականացվել են բնական պաշարների պաշտպանության և վերականգնողական հետևյալ միջոցառումները` քարհավաք, թփերի հեռացում, փոցխում, վերացանք, պարարտացում և այլն:

Գեղամավան համայնքում մեկ տարի առաջ դեգրադացված 5 հա տարածքում իրականացվել են  վերականգնողական աշխատանքներ: Մասնագետներն ուսումնասիրել են տարածքը և կատարել արդյունքների նախնական տեսողական գնահատում:

Դդմաշեն համայնքում 8 հա տարածքի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են այս տարվա մայիսի սկզբին:

Փորձագետները դեգրադացման դեմ պայքարին ուղղված միջոցառումները գնահատել են դրական և վստահեցրել, որ նման միջոցառումների շարունակական իրականացումը  հնարավորություն կտա բարելավելու արոտների ներկայիս վիճակը: