20.05.2016

Սննդամթերքի անվտանգության վերաբերյալ սեմինար

Սույն թվականի մայիսի 19-20-ը  «Կոնգրես» հյուրանոցում տեղի  ունեցավ երկօրյա սեմինար «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի կառուցման հիմունքներ» թեմայով: Սեմինարը կազմակերպվել էր «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի առաջին փուլի մրցույթում հաղթող ճանաչված 14 ծրագրերի շահառուների համար Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից: Ներկա էին ՀԲ ՀԳՌԿՄ ծրագրի ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի համակարգող Վահան Ղուկասյանը, սննդամթերքի անվտանգության խորհրդատու Գեորգի Հովհաննիսյանը և գլխավոր մասնագետ Սոնա Ծառուկյանը:

Դասընթացը վարում էին IFC խորհրդատվական ծրագրի խորհրդատուներ  Արա Կարապետյանը և Գյուլնարա Սուրանչիևան: Նպատակն էր աջակցել նշված ընկերությունների  սննդամթերքի արդյունավետ համակարգերի ներդրմանը, հնարավորություն տալ արդիականացնել իրենց տեխնոլոգիաներն ու սարքավորումները և, հնարավորության դեպքում, մուտք գործել արտահանման շուկաներ, ինչպես նաև մանրամասն ներկայացնել սննդամթերքի անվտանգության կառավարման արդիական համակարգերը՝ HACCP, ISO22000, GMP/GHP, որոնք ներառում են սննդամթերքի արտադրության ոլորտի պահանջները, շենքերի նախագծումն ու դասավորությունը, կոմունիկացիան, սարքավորումների համապատասխանությունը, սննդամթերքի և աշխատակազմի հիգիենան և մի շարք հարցեր:

Բացման խոսքով հանդես եկավ Ա. Ալավերդյանը: Նա նշեց, որ սննդամթերքի անվտանգության նորմերն ու պահանջները կարևոր են առաջին հերթին արտադրողների համար: Ներկայացված պահանջներն ուղղված են՝ աջակցելու Ծրագրի կողմից դրամաշնորհ ստացած շահառուներին, ինչն արտադրանքը միջազգային շուկաներ արտահանելու հնարավորություն կտա:

Գ. Խաչատրյանը ողջունեց ներկաներին և նշեց. «Դասընթացի թեման կարևորագույն թեմաներից է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները խիստ կարևոր են, քանզի առանց դրանց՝ գյուղատնտեսության ոլորտը մեծ դժվարությամբ առաջընթաց կունենա: Գյուղատնտեսության արտադրանքի հիմնական նպատակը իրացումն է, որի կազմակերպման համար մենք պետք է բավարարենք այն պահանջները, որոնք            ներկայացվում են սննդամթերքի անվտանգության ապահովման համար»: