Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
20.10.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք:

Նախարարի այցի առաջին կանգառը Վարդաձոր համայնքում էր, որտեղ հանդիպել է  տեղի կոոպերատիվի անդամներին հետ, ծանոթացել կատարված աշխատանքներին:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում գյուղտեխնիկայի վերջին խմբաքանակը (4 տրակտոր, շարքացան, մամլիչ, գութան և այլն) ստացել են այս տարվա աշնանը, ինչն էականորեն հեշտացրել է գյուղատնտեսական աշխատանքները:

Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Վարդենիս, որտեղ հանդիպել է կարտոֆիլագործների հետ, ովքեր նախորդ շաբաթ փակել էին Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը` իրենց դժգոհությունը հայտնելով այս տարի ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով միջնորդների կողմից ձեռքբերվող կարտոֆիլի ցածր գնից:

Գյուղացիները նշեցին, որ միջնորդներն այս տարի իրենցից բերքը ձեռք են բերում ինքնարժեքից ցածր գնով՝ 40-45 դրամով, այնինչ ՊՆ-ին մատակարարում են 80-90 դրամով՝ խնդրելով մթերումն իրականացնել առնվազն 60 դրամով:

Իգնատի Առաքելյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է ՀՀ պաշպանության նախարարի հետ: Որպես շահավետ լուծում` նախարարն առաջարկել է գյուղացիներին  միավորվել, ստեղծել համատեղ ընկերություն, կոոպերատիվ, որն ինքը մատակարար կդառնա:

Նախարար Իգնատի Առաքելյանը Վարդենիսից ուղևորվել է մարզկենտրոն Գավառ, որտեղ հանդիպում է ունեցել ֆերմերների հետ:

Նախարարը տեղեկացրել է, որ շարունակվելու են պետական սուբսիդավորման ծրագրերը, միևնույն ժամանակ կկատարելագործվեն դրանց մեխանիզմները, սուբսիդավորումը կլինի  առավել հասցեական, նաև մարզերի յուրահատկությունները հաշվի կառնվեն: Բացի այդ, առավել մեծ չափով կսուբսիդավորվեն այն մարզերն ու տնտեսությունները, որոնք ավելի շատ հավելյալ արժեք կստեղծեն, ինչը շարժառիթ կդառնա մյուսների համար ավելի լավ աշխատելու:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Գեղարքունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ, որի ընթացքում ընդգծել է նպատակային խորհրդատվության կարևորությունը գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում:

Այցի ավարտին Իգնատի Առաքելյանն այցելել է Լճաշեն համայնքում գտնվող կաթի վերամշակման արտադրամաս, որը նույնպես «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շահառուներից է: Ընկերության տնօրենի խոսքով՝ ծրագրի շնորհիվ արդեն օրական 7-7.5 տոննա կաթ են մթերում մարզի տարբեր համայնքներից, մթերման գինը 140 դրամ  է, կարիք ունեն ընդլայնելու արտադրությունը:

Նյութի աղբյուրը՝ ՀՀ ԳՆ պաշտոնական կայք