Project Activity DetailsՄիջոցառումներ. Ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>
16.05.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզային այցելությունները շարունակվում են: Այսօր նախարարն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել նախորդ տարվա ցուցանիշներն ամփոփելու և ընթացիկ տարվա գերակա անելիքները նախանշելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ֆերմերներ:  

«Նախորդ տարին գյուղատնտեսության համար խիստ բարենպաստ էր. ոլորտի համախառն արտադրանքի աճը կազմեց 11,7 տոկոս, առաջին անգամ գյուղատնտեսական արտադրանքի արժեքը գերազանցեց 1 տրիլիոն դրամի սահմանագիծը, և այդ ամբողջ ծավալի մեջ Գեղարքունիքի մարզի մասնաբաժինը զգալի էր` շուրջ 19 տոկոս կամ 191 մլրդ դրամի համախառն արտադրանք: Գեղարքունիքի մարզը ծանրակշիռ ներդրում ունի մեր երկրի գյուղատնտեսության զարգացման գործում. սա իրապես բավականին  լուրջ ցուցանիշ է», – իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը:

Մարզը նախորդ տարվա համեմատությամբ լուրջ առաջընթաց է արձանագրել ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության ճյուղում: Նախարարն իր խոսքում առանձնակի կարևորել է վարելահողերի օգտագործման ցուցանիշը, որով մարզը հանրապետությունում առաջատարն է: Գեղարքունիքում պարապ հող գրեթե չկա. մարզի վարելահողերի ավելի քան 95 տոկոսը մշակվում է, այն դեպքում երբ հանրապետական միջին ցուցանիշը կազմում է շուրջ 79 տոկոս: Մարզում 3.6 տոկոսով աճ է գրանցվել անասնապահության ոլորտում, մասնավորապես 4.3 տոկոսով ավելացել է խոշոր, 2.2 տոկոսով` մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, իսկ խոզերի գլխաքանակը ավելացել է 18.8 տոկոսով:   Նախորդ տարվա ցուցանիշներով Գեղարքունիքն առաջատար է նաև հացահատիկի և կարտոֆիլի արտադրության առումով: Մարզում ցորենի ցանքատարածությունների ավելացման և բարձր բերքատվության շնորհիվ հնարավոր եղավ լուծել հանրապետության պարենային անվտանգության խնդիրը, և անցյալ տարի ցորենի ինքնաբավության մակարդակը կազմեց 56 տոկոս:    

Նախարարի խոսքով` Գեղարքունիքի մարզում շնորհիվ  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի գրեթե ամբողջությամբ  լուծված է գյուղտեխնիկայի հարցը:  Ծրագրի երկու փուլերի ընթացքում ընդհանուր առմամբ արոտօգտագործողների միավորումներին տրամադրվել է 376 անուն գյուղտեխնիկա, որից 77-ը` անիվավոր տրակտոր:    

Այնուհետև նախարարն ուղևորվել է Վարդաձոր համայնք, որտեղ հետևել է կարտոֆիլի տնկման աշխատանքներին: Նախարարը եղել է նաև Գեղհովիտ համայնքում, որտեղ Մարտունու  գետի ափամերձ տարածքներում իրականացվում  են գաբյոնապատման աշխատանքներ: Համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը ներկայացրել է Գեղհովիտում 2014 թվականից գործող գյուղատնտեսական կոոպերատիվի հաջողությունները` գոհունակությամբ նշելով, որ ձեռք բերված գյուղտեխնիկայի շնորհիվ հնարավոր է դարձել արդյունավետ կազմակերպել կոոպերատիվի գործունեությունը:   Այցի ավարտին նախարարը եղել է նաև Ծովագյուղ համայնքում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել  համայնքում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ, նաև պատասխանել գյուղատնտեսներին հուզող հարցերին:

Նյութի աղբյուրը՝ ՀՀ ԳՆ պաշտոնական կայք