CARMAC II PROJECTՀԳՌԿՄ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Գյուղատնտեսությունը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանի տնտեսությունում՝ 2012թ.ագրովերամշակման և գյուղատնտեսության ընդհանուր տեսակարար կշիռը կազմում էր ՀՆԱ-ի շուրջ 23%, արտահանման 17%-ը և զբաղվածության մոտ 44%-ը: Վերջին տասնամյակում արձանագրված արագ տնտեսական աճը նոր հնարավորություններ առաջացրեց գյուղատնտեսության ոլորտում, չնայած 2009-10թթ. անկմանը, 1997թ. սկսած միջին տարեկան աճը գերազանցում է 6%-ը: 2005թ. համեմատ գյուղմթերքի արտահանումը կրկնապատկվել է, հիմնականում խմիչքների, մասամբ նաև մրգի և բանջարեղենի, 2011թ. արձանագրվեց նաև կենդանի անասունների արտահանման գծով բավականին լուրջ աճ: Սակայն, ոլորտում չի հաջողվել ամբողջությամբ օգտվել ընձեռնված հնարավորություններից, իսկ սպառողական ապրանքների նկատմամբ պահանջարկի աճը հիմնականում բավարարվում է ներմուծվող ապրանքների հաշվին, որի աճը գերազանցում է արտահանումը, հանգեցնելով ներմուծման և արտահանման միջև ճեղքվածքի շարունակական ավելացման և ագրոպարենային պակասուրդի ընդլայնման: Ընդհանուր առմամբ Հայաստանը հանդիսանում է զուտ ներկրող երկիր՝ 2011թ. ներմուծումը կազմում էր 700 միլիոն դոլար, իսկ արտահանումը՝ մոտ 230 միլիոն դոլար:

Վերջին տասնամյակում գյուղատնտեսության ոլորտում տեղի է ունեցել արտադրողականության զգալի աճ: 2002-2009թթ. բերքատվության ինդեքսն ավելի քան կրկնապատկվել է, թեև անբարենպաստ եղանակային պայմաների պատճառով 2010թ. արձանագրվեց զգալի անկում: Նույն ժամանակաշրջանում անասնապահական արտադրության ինդեքսն աճեց շուրջ 60%-ով: Հողագործությունը կազմում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի (ԳՀԱ) մոտ երկու երրորդը, իսկ անասնապահությունը՝ մեկ երրորդը: Այդուհանդերձ, Հայաստանի գյուղատնտեսական հողերի շուրջ 60%-ը լեռնային արոտավայրեր և մարգագետիններ են, որտեղ հիմնականում զարգացած է անասնապահությունը: Արտադրողականության աճին նպաստում են հումքի և ֆինանսավորման մատչելիութայն աճը, օտարերկրյա ներդրումները, շուկայական կապերի բարելավումը, նաև ֆերմերների գիտելիքների և ունակությունների բարելավումը: Այնուամենայնիվ, դեռևս առկա են արտադրողականության բարելավման զգալի հնարավորություններ՝ պաշտոնական տվյալների համաձայն հացահատիկի բերքատվությունը մեկ հեկտարից կազմում է ընդամենը 2.5 տոննա (տ/հա), իսկ մեկ կովի կաթնատվությունը 2,000 լիտր, թեև 1990 թվականների համեմատ, երբ այդ ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 2 տ/հա և 1400 լիտր, արձանագրվել է զգալի աճ: Անասնապահության ոլորտում արտադրողականության աճին չափազանց խանգարում է արոտավայրային պաշարների անկառավարելի և կործանարար օգտագործումը, գյուղերի մոտակա արոտավայրերում քայքայիչ հետևանքներ ունեցող գերարածեցումը, հեռավոր արոտավայրերի թերօգտագործումը, անորակ և անբավարար քանակի ձմռան կերի արտադրությունը, կենդանիների առողջության խնդիրները և վատ գենետիկական ռեսուրսները: Բարելավված անասնաբուծության, կենդանիների կերակրման և անասնաբուժական խնամքի շնորհիվ անասնապահության արտադրողականությունը կարող է աճել է 40%-ով, իսկ մշակաբույսերի նոր սորտերի և գյուղատնտեսական կառավարման, այդ թվում` հողի բերրիության բարելավման արդյունքում բերքատվությունը միջնաժամկետում կարելի է ավելացնել 60%-ով:

Գյուղատնտեսության ոլորտում գերակշռում են փոքր տնտեսությունները, 335,000 տնտեսությունների միջինում հասնում է մոտ 1.4 հեկտար հողակտոր, որտեղ նրանք հիմնականում զբաղվում են ինչպես հողագործությամբ, այնպես էլ անասնապահությամբ: Նրանց միայն փոքր մասը կարող է համարվել զուտ առևտրային տնտեսություն, ընդ որում ֆերմերների մեծ մասը պատկանում են բնակչության առավել խոցելի խմբերին, հատկապես հեռավոր շրջաններում, որտեղ բնակչության մեկ երրորդը դեռ աղքատ է: Սակայն վերջին տարիներին նկատվել է միտում դեպի ոլորտի առևտրայնացումը: Որոշ ֆերմերներ (մոտ 15%-ը) ներկայումս մշակում են վարձակալված հողեր, թեև ֆերմերների մեկ երրորդը չեն մշակում իրենց պատկանող ամբողջ հողատարածքը, հիմնականում հողի վատ որակի, ջրի բացակայության կամ հեռավորության պատճառով: Ի հայտ են գալիս նոր ագրովերամշակող ձեռնարկություններ և փոքր գյուղական գործարարներ, ավելանում է վերամշակողների և արտադրողների միջև կնքվող պայմանագրերի թիվը, իսկ արտադրողների միություններն ու կոոպերատիվները նպաստում են արտադրության և շուկաների համախմբմանը: Միևնույն ժամանակ սննդարդյունաբերության և գյուղատնտեսական արտադրողների միջև կապերը դեռևս անբավարար են և շատ գյուղական ձեռնարկություններում բացակայում են տեխնոլոգիական նորարարությունները, որոնք կարող են բարելավել նրանց մրցունակությունը:

Ոլորտի ամբողջական ներուժին խոչընդոտող հիմանական գործոնները կարող են հաղթահարվել շուկայի հասանելիության բարելավման, առևտրայնացման գործընթացին օժանդակության, և գյուղական վայրերում նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով՝ միևնույն ժամանակ խնայելով շրջակա միջավայրը: Չափազանց կարևոր է գյուղական ձեռնարկությունների, այդ թվում՝ կոոպերատիվների և գյուղմիությունների հետագա զարգացումը, ինչպես նաև գյուղարտադրողների և վերամշակող արդյունաբերության միջև կապերի ամրապնդումը: Դա էլ ավելի է կարևորվում այն ապրանքատեսակների պարագայում, որտեղ Հայաստանն ունի համեմատական առավելություն, մասնավորապես կերարտադրության վրա հիմնված կաթնամթերքի և մսամթերքի, մրգերի և բանջարեղենի և ավանդական ապրանքների, օրինակ՝ մեղրի արտադրության: Սննդամթերքի անվտանգության և որակի ոչ բավարար մակարդակը էապես խոչընդոտում է ագրոպարենային ոլորտի մրցունակությանը և, անկայուն մատակարարման հետ մեկտեղ, թույլ չի տալիս ավելացնել արտահանումն ու փոխարինել ներկրվող ապրանքները, չի բավարարում թարմ և վերամմշակված ապրանքների նկատմամբ ներքին պահանջարկը:

Այդ ամենը հաշվի առնելով` առաջարկվող ծրագիրը միտված է. ա) ավելացնելու արոտավայրային անասնապահության համակարգի բաղադրիչի ծածկույթը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (այսուհետ՝ ՀԳՌԿՄԾ) ներքո, բ) օժանդակելու Հայաստանի համար կարևոր արժեշղթաների զարգացմանը` ապահովելով նպատակային ենթածրագրային ներդրումներ, որոնք կօգնեն ամրապնդել արտադրողների և վերամշակողների միջև կապերը, կնպաստեն սննդամթերքի անվտանգությանը, վերամշակմանը և շուկայահանմանը, և գ) մեծացնել պետական կառույցների կարողությունները, որոնք կարող են աջակցել շուկա մուտք գործելուն և ընտրված արժեշղթաների զարգացմանը: Ընդհանուր առմամբ ծրագիրը խորացնում և բարելավում է ՀԳՌԿՄԾ-ի արոտավայրային անասնապահության բաղադրիչը` ընդլայնելով դրա շրջանակը և ընդգրկելով նոր արժեշղթա, որը նախատեսում է անասնապահության և այլ գյուղարտադրության ու շուկայի միջև կապի ամրապնդում և ծառայությունների որակի բարելավում:

Երկրորդ ծրագիրն ըստ էության միտված է բնակչության բարեկեցության, ինչպես նաև բնապահպանական անվտանգության բարելավմանը: Այդ առումով այն իր ուրույն տեղն ունի շրջակա միջավայրի գլոբալ փոփոխությունների հարմարվողականության համատեքստում: Արոտավայրային անասնապահության համակարգերը, ենթարկվելով կլիմայի փոփոխության ազդեցությանը, միևնույն ժամանակ համարվում են գլոբալ տաքացում առաջացնող հիմնական գործոններից մեկը՝ բուսական ծածկի վատթարացման (տե՝ս Ներդիր 1) և որոճող կենդանիների մարսողական համակարգի մեթան գազերի արտանետումների պատճառով:

Առաջարկվող ծրագիրը բաղկացած է չորս բաղադրիչներից, որոնց իրականացման նպատակով Համաշխարհային բանկը հինգ տարվա ընթացքում կհատկացնի 30 միլիոն ԱՄՆ դոլար: Առաջինը՝ ծրագրի ներքո կկազմվեն և կիրականացվեն բարձրադիր շրջանների նպատակային համայնքներում արոտավայրային և անասնապահական համակարգերի արտադրողականությունը և կայունությունը բարելավելու նպատակով մասնակցային կառավարման պլաններ: Արդյունքում կընդլայնվի ՀԳՌԿՄԾ-ի արոտավայրային անասնապահության բաղադրիչի ընդգրկումը՝ այն տարածելով նոր համայնքների վրա, մասնավորապես, ՀԳՌԿՄԾ-ում արդեն իսկ ընդգրկված համայնքների հարևանությամբ գտնվող համայնքների, ինչպես նաև կիրականացվեն որոշակի փոփոխություններ ՀԳՌԿՄ ծրագրում, հաշվի առնելով ծրագրի իրականացման ընթացքում կուտակված փորձը և համայնք ընդգրկելիս ավելի մեծ ուշադրություն կհատկացվի կանանց և երիտասարդների մասնակցությանը: Երկրորդ ծրագիրը կօժանդակի Հայաստանի տնտեսության համար մի շարք կարևոր արժեշղթաների զարգացմանը, տրամադրելով նպատակային ենթածրագրային ներդրումներ, որոնք թույլ կտան ամրապնդել կապերը արտադրողների և վերամշակողների միջև, ապահովել սննդամթերքի անվտանգությունը, աջակցել վերամշակմանն ու շուկայահանմանը: Երկրորդ  ծրագրի ներքո կիրականացվեն ներդրումներ պետական կառույցների կարողությունների ուժեղացման ուղղությամբ, որոնք կարող են օժանդակել շուկայի մուտքի հնարավորությունների բարելավմանը և ընտրված արժեշղթաների զարգացմանը: Արդյունքում ոչ միայն կարձանագրվի ՀԳՌԿՄԾ-ի արոտավայրային անասնապահության բաղադրիչի ընդլայնում և արդյունքների բարելավում, այլ նաև կավելանա ծածկույթը, քանի որ կներառվի նոր արժեշղթային բաղադրիչ, որը թույլ կտա ապահովել անասնապահական և այլ տեղական ապրանքների արտադրության և շուկայի միջև կապը, ինչպես նաև բարելավել ծառայությունների որակը: