Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է: Նախարարությունը մշակում և իրականացնում է ագրոպարենային ոլորտի, գյուղատնտեսական բնագավառում միջպետական համագործակցության, անտառաբուծության, բուսաբուծության, անասնաբուծության, ոռոգման, հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման և հողաբարելավման ծրագրեր:

Գյուղատնտեսության նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերին համապատասխան:

Նախարարության առանձնացված ստորաբաժանումներ են համարվում «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը» և «Լիցենզավորման կենտրոն» գործակալությունը:

2002 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 1516-Ն որոշումը, ըստ որի` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառում մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Այս որոշման համաձայն՝ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկը՝ իր վարչություններով, քարտուղարությամբ, բաժիններով, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումներով՝ գործակալություններ, տեսչություններ, հաստատվել է նախարարության կանոնադրությունը:

Նախարարությունը հրատարակում է «Ագրոգիտություն» ամսագիրը (1958 թ.-ից) և «Ագրոլրատու» շաբաթաթերթը (1951-ից):