ԾՐագրի Նպատակներ

«Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության» ծրագրի գլխավոր նպատակը Հայաստանում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացումն է (i) մասնավոր տնտեսությունների և ագրովերամշակողների զարգացմանը աջակցելու, (ii) մասնավոր հատվածում վարկային հնարավորությունները բարելավելու և ընդլայնելու, (iii) գիտահետազոտական, կրթական, տեղեկատվական և խորհրդատվական ոլորտին վերաբերող  գյուղատնտեսական ծառայությունների տրամադրման արդյունավետությունը բարձրացնելու միջոցով: Մասնավորապես, ծրագիրը նախատեսում է.

 

  1. վարկեր տրամադրել փոքր գյուղական տնտեսություններին, ձեռնարկություններին և բիզնեսներին աշխատանքային կապիտալի և ներդրումների համար;
  2. ագրոբիզնեսի վերաբերյալ ուսուցում և տեխնիկական աջակցություն տրամադրել մասնավոր գյուղտնտեսական վերամշակողներին և շուկայահանման ձեռնարկություններին սեփականաշնորհումից հետո տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններին աջակցելու համար;
  3. սատարել գյուղատնտեսության ոլորտում հանրային ծառայությունների կառուցվածքային փոփոխությունների իրականացման նախաձեռնությանը` կենտրոնանալով հետազոտությունների և խորհրդատվության վրա, ներառելով փոքր տնտեսություն ունեցող ֆերմերներին:

 

Հետևաբար, վերոնշյալ խնդիրների կարևորությունից ելնելով, ծրագիրը ներառել է չորս բաղադրիչ.

 

  1. Ենթավարկեր
  2. Գյուղատնտեսական հաստատությունների հզորացում
  3. Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն (ԱԶԿ)
  4. Ծրագրի իրականացման գրասենյակ 

Ծրագիրն օժանդակել է մասնավոր սեկտորը աճի շարժիչ ուժ դարձնելու և սպասարկման ենթակա ծառայություններն (ագրոբիզնեսի վերաբերյալ կրթություն և ագրոբիզնեսի կառուցվածքային փոփոխությունների իրականացման հմտություններ) ավելացնելու  ընդհանուր նպատակին: Այն նաև նպաստել է նրան, որ պետությունը հանրային բարիքներ տրամադրելու  (շուկայի մասին տեղեկատվություն և հետազոտական արդյունքներ) միջոցով ստանձնի շուկայի զարգացման ընդհանուր շրջանակն ուժեղացնողի դեր: Ծրագրի առանձնահատուկ նպատակակետերից էր գյուղատնտեսության ոլորտում ֆինանսական շուկաների զարգացման «Երկրի գյուղատնտեսական ռազմավարության» (ԵԳՌ) խնդիրը: Ծրագրի նախապատրաստումը համապատասխանաբար ընդգրկում էր ֆինանսական, սոցիալական և այլ ինստիտուցիոնալ կողմեր, նաև ֆիդուցիար պահանջներ:

 Ծրագրով ֆինանսավորվող միջոցառումները զգալի դրական ազդեցություն ունեցան գյուղատնտեսության զարգացման, դիվերսիֆիկացիայի և աճի վրա: Ավելացան գյուղատնտեսական արտադրության ինքնարժեքն ու արտադրողի գինը` պայմանավորված վերամշակման արտադրության պահանջարկի բարձրացմամբ: Արտահանման կայուն աճ գրանցվեց այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են` տոմատի մածուկը, գինին, կոնյակը, ձուն, վերամշակված մրգերն ու մրգահյութերը: Փոքր ձեռնարկատերերը, ովքեր հետբարեփոխումների վաղ շրջանում իրենց ջանքերը մեծ չափերով կենտրոնացրել էին բնամթերային արտադրության վրա, արձագանքեցին վերամշակող արտադրության վերածնունդով և վարկերի տրամադրմամբ պայմանավորված  հնարավորություններին` կրկին ներդրումներ կատարելով բարձրարժեք արտադրանքի մեջ (խաղող, լոլիկ, մրգեր): Այս գործում նրանց օժանդակություն ցուցաբերեց խորհրդատվական ծառայությունը`  տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու միջոցով: Սրանով ծրագիրը զգալիորեն նպաստեց գյուղատնտեսության բավականաչափ բարձր աճին, մասնավորապես մշակաբույսերի արտադրության աճին: